14 մարտի 2018 - 16:33 AMT
Չավուշօղլու. Թուրքիան և ՌԴ-ն որոշ տարաձայնություններ ունեն

Թուրքիան և Ռուսաստանը որոշ տարաձայնություններ ունեն, սակայն դա նորմալ է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին՝ հավելելով, որ Մոսկվան և Անկարան շարունակում են երկխոսությունը, որում շահագրգռված են երկու կողմերը:

«Մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ Սևծովյան և այլ տարածաշրջաններում: Սակայն, մենք, հնարավոր է, որոշ հակասություններ ունենք հայացքներում, սակայն, դա միանգամայն նորմալ գործընթաց է: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք երկխոսությունը և շահագրգռված ենք դրանում: Այսօրվա հանդիպումը թույլ տվեց քննարկել բոլոր այդ հարցերը»,-ասել է թուրք նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարը կարևորել է գործակցության շարունակումն ահաբեկչությանը հակազդելու գործում և հավելել է, որ գործադրված ջանքերի շնորհիվ սիրիական կարգավորման գործընթացում դրական փոփոխություններ են նկատվում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական զորքերը, որոնք մասնակցում են «Ձիթենու ճյուղ» գործողությանը, գտնվում են 1,5 կմ տարածության վրա սիրիական Աֆրինից: Նշվում էր, որ հենց որ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներն ու ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի ջոկատները հաղթահարեն այդ տարածությունը, կսկսվի քաղաքից քրդական զինյալ կազմավորումների դուրս մղման գործողությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-ին հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում, որը ծավալվում է Սիրիայի հյուսիսում, կարող են ցանկացած պահի հարձակում սկսել Աֆրինի ուղղությամբ: