15 մարտի 2018 - 10:47 AMT
Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ կոնգրեսում ընդունել են Արցախի նախագահին

Մարտի 14-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-ԱՄՆ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

ԱՀ նախագահն ասել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ-ի հետ բարեկամական կապերը և դրանք համարում է մեծ հարստություն:

«ԱՄՆ-ը մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Լավատես եմ, որովհետև մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ և անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին»,- ասել է նախագահը:

Կոնգրեսում կազմակերպվել է նաև ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին: