15 մարտի 2018 - 12:16 AMT
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են քաղպաշտպանության ուժերում աշխատել

Սաուդյան Արաբիայի կանայք 3 ամիսց կկարողանան անվտանգության ծառայության աշխատակիցների պաշտոններ զբաղեցնել թագավորության քաղաքացիական պաշտպանության ուժերում և պետական հատվածում:

Կանանց համար նաև մատչելի կդառնան քաղպաշտպանության և անվտանգության գծով դասընթացները կրթական հաստատություններում: Այդ մասին հայտարարել է անվտանգության հարցերի գծով քաղպաշտպանության ուժերի ղեկավարի տեղակալ Աբդուլ Ռահման ալ Հուսեյնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Gulf News-ի վրա հղումով:

«Մենք աշխատում ենք կրթության նախարարության հետ միասին մի շարք համալսարաններում երկու սեռերի համար նախատեսված անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության դասընթացներ սկսելու ուղղությամբ»,-ասել է նա:

Կանանց սոցիական կարգավիճակի փոփոխությունը Սաուդյան Արաբիայի Vision 2030 ռազմավարության մաս է կազմում: Մարտին թագավորության կանանց թույլատրվեց ծառայել զինված ուժերում՝ ընդհանուր առմամբ 140 թափուր տեղ բացվեց, իսկ կանանց հայտերը բանակում ծառայելու համար 107.000-ից ավելի էին: