Իտալացի գեղանկարիչներ Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելո Բուոնարոտտիի, Վիչելիո Տիցիանի կտավները 2018-ին կցուցադրվեն Վրաստանում Check in Georgia կառավարական նախագծի շրջանակում:
Այդ մասին հայտարարել է Վրաստանում Իտալիայի դեսպան Էնրիկո Բարտոլին նախագծի շնորհանդեսի ժամանակ:
Ըստ դեսպանի, մայիսից սեպտեմբեր ներառյալ Check in Georgia-ի շրջանակում 3 ցուցահանդես է նախատեսված, այդ թվում՝ Վերածննդի գծանկարի, հռոմեական բարոկկոյի, ինչպես նաև Դա Վինչիի, Միքելանջելոյի, Բոտիչելլիի և Ռաֆայելի կտավների ցուցադրությունը, գրում է Sputnik Վրաստանը:
Վրաստանի բնակիչներն ու հյուրերրը կկարողանան տեսնել նաև Տիցիանի «Տիրամայրը մանկան հետ» կտավի օրիգինալը:
Վրաստանի կառավարության նախաձեռնած Check in Georgia ծավալուն ծրագիրը կոչված է նպաստելու Վրաստանի հանրահռչակմանը և երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը: Նախագիծն իրականացվում է արդեն 3 տարի:
2018-ին Check in Georgia-ի բյուջեն կկազմի 20 մլն լարի՝ մոտ 8,5 մլն դոլար: Ծրագիրը ներառում է մոտ 300 փառատոն, երաժշտական և զվարճալի միջոցառումներ ամբողջ երկրի տարածքում: Ակնկալվում են նաև համաշխարհային աստղերի համերգներ: