17 մարտի 2018 - 11:25 AMT
ՌԴ-ն ֆիլմ կնկարի Սբ Գեղարդի մասին. Նկարահանումները կընթանան ՀՀ-ում, Վատիկանում և այլուր

Ռուսական Central Partnership ընկերկությունը մտադիր է «Դա Վինչիի ծածկագրի» նմանությամբ ֆիլմ նկարահանել Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդի մասին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան Interfax գործակալությունը:

Ֆիլմի նկարահանումները նախատեսվում է իրականացնել Հայաստանում, Վատիկանում, ինչպես նաև Կրակով և Վիենա քաղաքներում:

«Պատմությունը (Սուրբ Գեղարդի մասին-խմբ.) ինքնին շատ հետաքրքիր է: Ցանկություն կա գեղեցիկ աշխատանք անելու», - ասել են կինոընկերության ներկայացուցիչները՝ հավելելով, որ Գեղարդի մասին ֆիլմ նկարահանելու միտքը պատահական չէր, քանի որ հենց դրանով են խոցել խաչված Հիսուս Քրիստոսին:

Սյուժեի հիմքում ռուս հետազոտող Կլիմի և ֆրանսիացի Մակսի արկածային պատմությունն է, ովքեր փորձում են բացահայտել Ս. Գեղարդի ճակատագիրը: Ֆիլմի երաժշտության հեղինակը լինելու է ֆրանսիացի Լյուդովիկ Բուրսը, ով արաժանացել է «Օսկարի»՝ «Արտիստը» ֆիլմի համար:

Ս. Գեղարդը նիզակի այն ծայրն է, որով Ղուկիանոս անունով հռոմեացի զինվորը խոցեց Հիսուսի կողը, որից բխեց ջուր և արյուն: Ըստ Սրբազան Ավանդության՝ համաքրիստոնեական այս սրբությունը Հայոց աշխարհ է բերել Ս. Թադեոս առաքյալը: Այն այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում: