19 մարտի 2018 - 15:29 AMT
Աշոտյան. ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի ապրիլին

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ՀՀ խորհրդարանը կվավերացնի ապրիլի 10-ին: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ հանձնաժողովի և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու ԵՄ հետ կապերի կոմիտեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքով համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հատվածաբար:

«Մեր համատեղ աշխատանքը նվիրված էր մի շարք կարևորագույն հարցերի, մասնավորապես ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման տեմպերին: Քննարկվել է նաև ԵՄ հետ վիզաների ազատականացման ռեժիմի բանակցությունների քաղաքական մեկնարկի հնարավորությունը»,- ասել է Աշոտյանը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:

2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում, ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը:

Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի: