19 մարտի 2008 - 18:07 AMT
Երեւանում զանգվածային անկարգությունների մասին գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 106 անձի
2008 թվականի մարտի 18-ի դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 106 անձի, որոնց նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կալանավորված եւ ձերբակալված անձանց թվում անչափահասներ եւ կանայք չկան: Այդ մասին հաղորդել է Հայաստանի Գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը: Բոլոր մեղադրյալներին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված քրեական հանցագործություններ կատարելու համար՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու, իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին չենթարկվելու կոչեր անելու, սահմանադրական կարգի խախտմամբ, պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողություններ անելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: Օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներին մասնակցելը ՀՀ գործող օրենսդրությամբ քրեական հանցագործություն չի համարվում եւ որեւէ մասնակից չի ձերբակալվել, չի կալանավորվել, եթե նրա գործողություններում առկա չեն եղել քրեական հանցագործության հատկանիշներ: Կարեւորելով հասարակության ստուգված եւ անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ձեւավորվել է հանրային իրազեկման աշխատանքային խումբ, որի առջեւ խնդիր է դրվել ապահովել նշված քրեական գործի նախաքննության արդյունքների վերաբերյալ հանրությանը՝ ԶԼՄ-ներին, քաղաքացիներին եւ հասարակական կազմակերպություններին պարբերաբար տեղեկատվության տրամադրումը: