19 մարտի 2018 - 17:13 AMT
Արցախի նախագահը շնորհավորել է Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

Ուղերձում ասված է. «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում Ձեր բացարձակ հաղթանակի կապակցությամբ, որը մեկ անգամ ևս հաստատեց Ձեր վաստակած հեղինակությունը ռուսաստանցիների մոտ և դարձավ Ռուսաստանի սոցիալ-տնտեսական շարունակական զարգացմանն ու բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա շահերի պաշտպանությանն ուղղված Ձեր ջանքերի համաժողովրդական աջակցության վկայությունը»:

Նա հավելել է, որ Արցախում բարձր են գնահատում Պուտինի անձնական ավանդը և Ռուսաստանի Դաշնության՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման գործում: Բակո Սահակյանը համոզվածություն է հայտնել, որ Ռուսաստանն այսուհետ ևս կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության պահպանման ու ամրապնդման, կայունության ու անվտանգության ապահովման գործում:

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, և մաղթում Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, հաջողություններ և բարեկեցություն, Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»,-ասվում է նախագահի ուղերձում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը:

Մարտի 18-ին կայացած ՌԴ նախագահի ընտրությունների ձայների 99%-ի հաշվարկի արդյունքում հաղթել է ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ձայների 76,65%-ը հավաքելով: Ընդհանուր առմամբ նրա օգտին քվեարկել է ավելի քան 55 մլն քաղաքացի: