ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությանում հանդիպել է ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Իր ելույթում նախագահը նշել է, որ ՊՆ-ն խոշորագույն սպառող և մեծածավալ գնումներ իրականացնող մարմին է, իսկ ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլև մարտունակությանը:
Սերժ Սարգսյանի խոսքով, գնումներ իրականացնելիս պետք է հնարավորինս խուսափել միջնորդ կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև բացառել մրցույթների կազմակերպիչների և մասնակիցների կողմից տարբեր տեսակի անօրինական գործողությունները:
«Կոռուպցիայի դեմ հետևողական և անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը: Այս գործընթացը երբևէ հնարավոր կլինի 100%-ով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի և պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է», - ասել է Սարգսյանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին, նախագահն ասել է, որ բանակցությունների առաջընթացի մասին «դրական լուր չկա»:
«Մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը: Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են: 2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին», - ասել է Սերժ Սարգսյանը: