19 մարտի 2018 - 18:16 AMT
Facebook-ն արգելափակել է «Ազատությունը բարիկադների վրա» նկարը՝ մեկր կրծքի պատճառով

Facebook-ը խոստովանել է, որ սխալմամբ արգելափակել է Էժեն Դելակրուայի «Ազատությունը բարիկադների վրա» կտավի լուսանկարը: Այս մասին հայտնում է Newsru կայքը:

Կտավի լուսանկարը, որտեղ պատկերված է Ֆրանսիայի խորհրդանիշ Ազատությունը մարմնավորող բաց կրծքով Մարիաննայի կերպարը, սոցցանցում արգելափակվել է մերկ բովանդակության պատճառով:

Դելակրուայի 1830 թվականին արված կտավի լուսանկարը օգտագործվել է ֆրանսիական թատրոններից մեկի բեմադրության գովազդի համար: Բեմադրող ռեժիսոր Ջոսլին Ֆյերինայի խոսքով՝ գովազդը 15 րոպե էլ չի մնացել սոցցանցում:

Ավելի ուշ Facebook-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել նկարը սխալմամբ արգելափակելու համար՝ բացատրելով, որ ամեն շաբաթ ստիպված են ստուգել միլիոնավոր գովազդային պատկերներ, և այս իրավիճակում «երբեմն հնարավոր է նաև սխալվել»: Ղեկավարությունից հայտնել են նաև, որ սոցցանցն իդեալական հարթակ է Էժեն Դելակրուայի կտավի համար, և այն համապատասխանում է գովազդի կանոններին: