19 մարտի 2008 - 19:07 AMT
Ղարաբաղի մասին բանաձեւով Ադրբեջանն ակնկալում էր ինչ-ինչ անհասկանալի շահաբաժիններ ձեռք բերել
Ադրբեջանի կողմից ներկայացված միակողմանի եւ չհամաձայնեցված բանաձեւն ընդամենը իրենց ցանկությունն է, որը ոչ մի առնչություն չունի ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթղթի հետ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամռո ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Խազար Իբրահիմի հայտարարությունները Մինսկի խմբի շրջանակներում վարվող ԼՂ բանակցային գործընթացի հեռանկարի վերաբերյալ: Տիգրան Բալայանի խոսքերով, սա շատ լավ գիտի Ադրբեջանը, շատ լավ գիտեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ քաջատեղյակ է նաեւ միջազգային հանրությունը, ինչը ցույց տվեց նաեւ ՄԱԿ ԳԱ քվեարկությունը:

«Երեւի, Ադրբեջանն ակնկալում էր, որ իրենց նախաձեռնություններով ինչ-ինչ անհասկանալի շահաբաժիններ ձեռք կբերեն, ինչը տեղի չունեցավ, կամ էլ հող են նախապատրաստում խուսափելու համար Մինսկի խմբի ներկա բանակցային գործընթացից, հետեւաբար նաեւ ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթղթից»,- նկատել է Տիգրան Բալայանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 62-րդ նստաշրջանին 39 «կողմ», յոթ «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, դեմ են քվեարկել փաստաթղթին: