20 մարտի 2018 - 18:01 AMT
Ադրբեջանի պահանջով Ստամբուլում արգելվել է «Եվա» ֆիլմի ցուցադրությունը

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն Ադրբեջանի պահանջով արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Այս մասին գրում է «Ակոս» պարբերականը:

Ֆիլմը պետք է ցուցադրվեր մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը կինոփառատոնի կազմակերպիչներին տեղեկացրել է ներքին գործերի նախարարության արգելքի մասին:

Կինոփառատոնի կազմակերպիչներից Մելեք Օզմանը հայտարարել է, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության ակտիվ միջամտության հետևանքով:

«Ադրբեջանի հյուպատոսարանը ֆրանսիական մշակույթի կենտրոն պաշտոնական դիմում էր ուղարկել՝ պահանջելով ֆիլմի ցուցադրության արգելումը: Մենք ֆիլմն ուղարկեցինք մշակութային կենտրոն, նրանք էլ դիտել էին ու եկել այն եզրակացության, որ ցուցադրությունն արգելելու համար որևէ պատճառ չկա»,- ասել է Մելեք Օզմանը՝ հավելելով, որ ֆիլմում որևէ մեկին նվաստացնող խոսքեր չկան:

Ըստ նրա, Ադրբեջանի կառավարությունը տարբեր մակարդակներով դիմել է արտգործնախարարություն, նույնիսկ մինչև նախարար է հասել:

«Արդյունքում Ադրբեջանի կառավարության պահանջով Թուրքիայում ֆիլմի ցուցադրության դեմ միջոցառումներ ձեռնարկվեցին և ահա վերջում եկավ արգելող գրությունը»,- պատմել է Օզմանը:

«Եվա» հայ-իրանական համատեղ արտադրության խաղարկային ֆիլմը նկարահանել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը: Այն դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալն ամենուր հետապնդում է նրան: