23 մարտի 2018 - 12:36 AMT
Լիմոնովն ակնարկներ է գրել Արցախի մասին

Հայտնի ռուս գրող, բանաստեղծ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը նոր գիրք է գրել, որը կոչվում է «Մոնղոլիա»:

Հրապարակախոսական վեպը հեղինակի ճամփորդական նոթերն են տարբեր երկրների ու քաղաքների մասին: Գրքում նաև 8 ակնարկ կա Արցախի մասին՝ Առավոտը Ստեփանակերտում, Օազիս, Մոսկվա, Կոտորածի սարսափները, Գյուլիստան, Ղարաբաղյան գյուղում, Որտեղ նախարարները զբոսնում են փողոցում, Եկեղեցիների մասին:

Ըստ հեղինակի, գրքի անվանումն իրական Մոնղոլիայի հետ ոչ մի կապ չունի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

«Մոնղոլիան» նախնական, հեղինակային անվանումն էր: Իսկ հետո, երբ ես գրեցի այս գիրքը, եկա այն եզրակացության, որ այլ անվանում պետք էլ չէ: Մոսկվայում իմ բնակավայրից ոչ հետու (սեփական բնակարան չունեմ, մշտապես վարձակալում եմ), «Մագնոլիա» մթերային խանութ կա, որը ես Մոնղոլիա եմ կոչում: Ասում եմ. «Արի, Մոնղոլիա գնանք գնումների»: Այդպես էլ մնաց այդ անվանումը և արտացոլվեց գրքի վերնագրում»,-պատմել է Լիմոնովը:

Էդուարդ Լիմոնովն առաջին անգամ Արցախ է այցելել 2017-ի հունիսին, որտեղ բազում հանդիպումներ է ունեցել ամենատարբեր մարդկանց հետ՝ ուսանողների, պաշտոնյաների, զինվորականների, հասարակական գործիչների: Գրողն ասել էր, որ գիրք է գրելու Ղարաբաղի մասին, քանի որ Ռուսաստանում ԼՂ հիմնախնդրի խեղաթյուրված ընկալում կա: 2017-ի հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Լիմոնովին ընդգրկել է սև ցուցակում՝ արգելելով նրա մուտքը երկիր: