23 մարտի 2018 - 13:42 AMT
Լապշինն ապրիլին Հայաստան կգա

7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն ապրիլին Հայաստան կգա: Նա մասնակցելու է ապրիլի 20-22-ը Երևանում կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին:

Երևանյան In Tour Expo 2018 ցուցահանդեսում Լապշինը պատմելու է իր ճամփորդությունների մասին:

Լապշինը կատակով գրել է. «Իսկ ես Երևանում եմ մեկնում՝ զբոսաշրջային ցուցահանդեսի: Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Բաքու՝ Լապշինի ուղիներով: Ծրագրում են՝ թռիչք Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռով, all inclusive հանգիստ Քուրդահանիի բանտում և Բաքվի ծանր հանցագործությունների դատարան: Շրջագայության արժեքը պայմանագրային է: Կատակ»:

Վերջում բոլգերը հավելել է. «Իսկ իրականում ես ցուցահանդեսում պատմելու եմ իմ ճամփորդությունների մասին, հետաքրքիր է լինելու, եկեք»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լապշինը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ, ընդդեմ Ադրբեջանի:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: