Սահմանադրությունը չի խոչընդոտում պայքարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարացման դեմ: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ ապրիլի 9-17-ը, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը թափուր լինի, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով ազդեցություն չի ունենա ԱԱԾ-ի և ոստիկանության վրա, ինչը հնարավոր կդարձնի իշխանափոխություն իրականացնելը։
«Կոպիտ ասած, եթե քաղաքական ժարգոնով արտահայտվելու լինենք՝ այդ մի շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում «գցած է լինելու», և եթե պարզվի, որ կա ժողովուրդ, ով պատրաստ է գնալ և վերցնել այդ իշխանությունը, կգնա և կվերցնի», - ասել է պատգամավորը։
Փաշինյանը հավելել է նաև, որ իր համար սկզբունքային է քաղաքական պայքարի խաղաղ անցկացումը:
«Այն ենթադրում է շատ կոնկրետ գործողություններ, բայց բացառում է բռնությունը», - նշել է պատգամավորը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության դեմ պայքարի ճանապարհային քարտեզին: