24 մարտի 2018 - 10:33 AMT
ՄԱԿ-ում ընդունվել է ՀՀ նախաձեռնած՝ Ցեղասպանության կանխարգելման բանաձևը

Մարտի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելմանբանաձևը (Prevention of genocide): Հայաստանին միացել են և բանաձևը համահեղինակել շուրջ վեց տասնյակ պետություններ, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա ևս երկու շաբաթ:

ՀՀ ՄՆ ներկայացուցիչն իր ելույթում ընդգծել է, որ հիշյալ բանաձևի նախաձեռնումը Ցեղասպանության ոճրի կանխարգելման ուղղությամբ միջազգային ասպարեզում Հայաստանի վճռական և շարունակական հանձնառության արտահայտությունն է: Նա շեշտել է Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայի՝ մարդու իրավունքներին նվիրված ՄԱԿ-ի առաջին միջազգային պայմանագրի 70-ամյակի տարում ՄԻԽ կողմից Ցեղասպանության կանխարգելման բանաձևի կոնսենսուսով ընդունման առանձնահատուկ կարևորությունը:

Բանաձևը վերահաստատում է, որ անպատժելիության դեմ պայքարը ցեղասպանության կանխարգելման կարևոր գործոն է: Այն իր մտահոգությունն է հայտնում ցեղասպանության ժխտման կամ արդարացման փորձերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք խոչընդոտում են անպատժելիության, ժողովուրդների հաշտեցման և ոճրի կանխարգելմանն ուղղված ջանքերը:

Բանաձևը հատուկ ուշադրություն է դարձնում Ցեղասպանության նախանշանների և պատճառների բացահայտմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այն ողջունում է Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի՝ կոնվենցիայի 70-ամյակին ընդառաջ՝ վերջինիս համընդհանուր վավերացմանն ուղղված կոչը:

Փաստաթուղթը նաև իր գոհունակությունն է հայտնում 2015 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից դեկտեմբերի 9-ը՝ որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակման կապակցությամբ։

Բանաձևով Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին առաջարկվում է Մարդու իրավունքների խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի ընթացքում կազմակերպել բարձր մակարդակի քննարկում` նվիրված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակին:

Բանաձևը նախատեսում է նաև, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը անդամ երկրների կողմից ստացված տեղեկատվության հիման վրա կնախապատրաստի զեկույց նվիրված ցեղասպանության կրթության դասավանդման և Կոնվենցիայի լուսաբանման հարցերին։