«Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները պետք է համատեղեն բուհերում ուսումնառությունը զինվորական պատրսատություն անցնելու հետ, ապա բուն ծառայությանն անցնեն դասակի հրամանատարի պաշտոնում: Համապատասպան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նախագծի համաձայն, զինվորական պատրաստությունը կազմակերպվում է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ մոտոհրաձգային, հրաձգային կամ հրետանային դասակների հրամանատարների պատրաստման ծրագրերով:
Կազմակերպվում է նաև բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստություն՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում՝ ռազմաբժշկական պատրաստության ծրագրերով:
«Սահմանված զինվորական պատրաստության ժամկետը 2 տարի 6 ամիս է՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության 3-րդից 7-րդ կիսամյակների ընթացքում, համապատասխան ռազմաուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված դասացուցակով, սակայն ոչ ավելի, քան շաբաթվա մեկ օրվա ընթացքում 7 ժամ», - նշվում է նախագծում:
Ուսանողներին կարող են առաջարկել 3 տարով սպայական ծառայություն՝ 260.000 դրամ աշխատավարձով: Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մագիստրոսական կրթությունը:
Զինվորական պատրաստության ուսումնական ծրագրերը մշակվում և հաստատվում են ՊՆ-ի կողմից: Ուսումնական ծրագրերը ներառում են նաև միջանկյալ ստուգարքները և ավարտական քննությունը: Պատրաստությունն ավարտվում է ՊՆ զորամասերում մինչև 30 օր տևողությամբ ուսումնական հավաքներով, որից հետո քաղաքացիները հանձնում են զինվորական պատրաստության գծով ավարտական քննություններ:
Պատրաստության ընթացքում քաղաքացիներն ապահովվում են զինվորական համազգեստով, անհրաժեշտ ուսումնական նյութերով, մեկանգամյա սննդով: Տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում: