Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը փորձում է պարզել, թե արդյոք մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կան, թե ոչ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նա հավելեց, որ ճշտումներից հետո արտգործնախարարությունը պաշտոնական հաղորդագրություն կհրապարակի:
Մարտի25 -ին ՌԴ Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 56 մարդ: Դեպքի առնչությամբ հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնի վարձակալ ընկերության ղեկավարը, որի տարածքում է գտնվել կրակի օջախը:
Ավելի ուշ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ: