26 մարտի 2018 - 12:32 AMT
Գեղասահքի աշխարհի չեմպիոն Չենին մարզում է Ռաֆայել Հարությունյանը

Գեղասահքի տղամարդկանց մենասահքում մարտի 24-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Նաթան Չենին մարզում է Ռաֆայել Հարությունյանը: Չենը միակ մարզիկն էր աշխարհի առաջնությունում, որը կարողացավ խուսափել սխալներից ազատ ծրագրում:

18-ամյա Չենը ներկայացնում է ԱՄՆ-ն: Ազատ ծրագրում նա աշխարհում լավագույն արդյունքը ցույց տվեց ՝ 47,63 միավորով գերազանցելով 2018-ի Օլիմպիական փոխչեմպիոն ճապոնացի Սյոմու Ունոյին:

Ռաֆայել Հարությունյանը վարպետության իր գաղտնիքների մասին է պատմել ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:Չենը միակն էր, որ չընկավ ազատ ծրագիրը կատարելիս, որի գրավականն, ըստ մարզչի այն է, որ մարզիկն ամբողջությամբ կենտրոնացել էր իր առջև դրված խնդրի վրա:

«Երբ մրցակցիդ ցանկանում ես, որ լավ կատարի ծրագիրը, հասկանում ես, որ եթե դու ինքդ անսխալ կատարես ամեն ինչ, բոլորին կհաղթես՝ դա շատ դրական հոգեբանական ֆոն է ստեղծում: Որովհետև դու քո սեփական խնդիրն ունես, որի վրա պետք է ամբողջությամբ կենտրոնանաս: Չենը շատ հանգիստ էր՝ այն հանգամանքի շնորհիվ, որ Օլիմպիադայից հետո ինձ հնարավորություն տրվեց լավ աշխատել նրա հետ: Ուստի Չենը միանգամայն պատրաստ էր ելույթին: Նա, կարծում եմ, հասկացել է, որ առաջինը՝ մարզչին պետք է վստահել, իսկ, երկրորդը՝ պետք է անպայման առաջ շարժվել»:

Հարությունյանը դեմ է, որ դեռահասները մրցեն մեծահասակների հետ: «Դա վերաբերում է նաև տղամարդկանց: Չենը հիմա արդեն բավականաչափ մեծ է մեծահասակների հետ մրցելու համար: Եթե մինչ ընթացիկ խաղաշրջանը նա հանդես գար պատանեկան մրցումներում, ինչպես թելադրում էր տարիքը, և իմանար, որ մեծերի հետ կարելի է մրցել և տիտղոսների հասնել միայն 18-ը լրանալուց հետո, հավանաբար, այդքան լուրջ իրեն չէր վնասի վաղաժամ բարդ թռիչքներով, այլ դուրս կգար այդ մակարդակի ֆիզիկապես լավ ամրանալով, որպեսզի երկար կյանք ունենա սպորտում, շատ ելույթներ ունենա, լավ վաստակի»,-ասել է անվանի մարզիչը:

Հարությունյանը հավելել է, որ ստեղծված իրավիճակում բոլորը ձգտում են որքան հնարավոր է շուտ սկսել բարդ թռիչքներ կատարել, իսկ զսպող մեխանիզմներ չկան:

Photo: RIA Novosti