26 մարտի 2018 - 14:06 AMT
Գյումրիում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ կգործեն

Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ կտեղակայվեն: Այդ մասին հայտնել են ՌԴ Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունում:

Նախկինում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանում կարգապահության պահպանման նպատակով առանձին պարեկներ էին տրամադրվում, սակայն դրանց անդամ զինծառայողները հատուկ պատրաստություն չունեին: Այժմ ստեղծվող ջոկատները համալրված կլինեն մասնագետներով, որոնք ուսուցանվել են Վլադիկավկազի ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում:

«Զինվորական կարգապահությունը պահպանելու, անվտանգ երթևեկությունն ու օբյեկտների պաշտպանությունն իրականացնելու նպատակով Գյումրիի կայազորում կձևավորվեն ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ: Անձնակազմը հատուկ հանդերձանք կունենա և զինված կլինի հաստիքային զենքով, ռազմատեխնիկայով և հատուկ միջոցներով»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ՊՆ-ում նշել են, որ անձնակազմի անդամներին պայմանագրային սպաների, ենթասպաների և զինվորների թվից կհավաքագրեն զինվորական հոգեբանները:

Բացի Գյումրիում տեղակայվելիք ջոկատներից, ամռանը նախատեսվում է ռազմական ոստիկանության ևս մեկ ստորաբաժանում ձևավորել՝ Երևանի զինվորական կայազորում: