26 մարտի 2018 - 18:33 AMT
ԱԳՆ. Կեմերովոյի հրդեհից տուժածների թվում հայեր չկան

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով, մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից տուժածների թվում հայեր չկան: ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, հրդեհից զոհերի թիվը հասել է 64-ի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ն փորձում է պարզել, թե արդյոք մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կան, թե ոչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 25 -ին ՌԴ Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 56 մարդ: Դեպքի առնչությամբ հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնի վարձակալ ընկերության ղեկավարը, որի տարածքում է գտնվել կրակի օջախը: