27 մարտի 2018 - 11:50 AMT
Կառավարությունը որոշել է բացահայտել իրական հանքատերերին

Կառավարությունը «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) ներդրման շրջանակում հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզ է մշակում: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մարտի 29-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ ԱՃԹՆ-ի համաձայն, ստանդարտը ներդրած երկրներում 2020 թվականից սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին՝ այդ թվում քաղաքական ազդեցություն ունեցող անձանց:

Հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզով նախատեսվում է մի շարք օրենսդրական ակտերի մշակում: Միջոցառումների մի մասը կիրականացվի Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակներում: Արդյունքում կձևավորվի և լայն հանրության ուշադրությանը կներկայացվի իրական սեփականատերերի ռեգիստրը:

ԱՎԾ-ի համաձայն, 2017 թվականին հանքարդյունաբերության ոլորտի արտադրության ծավալը կազմել է մոտ $703 մլն: