27 մարտի 2018 - 17:19 AMT
Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոսություն է բացվել

Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոսություն է բացվել: Բացման պաշտոնական արարողությունը (հյուպատոսական շրջանը ներառում է ԱՄՆ Իլինոյս, Միսուրի, Այովա, Վիսկոնսին ու Մինեսոտա նահանգները) տեղի է ունեցել մարտի 22-ին:

Չիկագոյի կենտրոնում գտնվող Հայաստանի նոր հյուպատոսական ներկայացուցչությունում տեղի ունեցած բացման ու պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանի պաշտոնավարման մեկնարկի ազդարարման հանդիսավոր արարողությանը հաջորդել է դիվանագիտական ընդունելություն Չիկագոյի պատմական Union League Club-ում:

Ներկաներին ողջունել են Չիկագոյի քաղաքապետ Ռահմ Էմանուելը, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Հանդիսությանը ներկա էին 400-ից ավելի հյուրեր, այդ թվում` Իլինոյ նահանգի կոնգրեսականներ, Չիկագոյի հյուպատոսական կորպուսի անդամներ, ինչպես նաև տեղի ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Սմիթսոնյան հաստատության հատուկ ծրագրերի տնօրեն Հալե Բաթվինը, որը ներկայացրել է հունիսի 27-ից հուլիսի 8-ը Վաշինգտոնում կայանալիք Սմիթսոնյան Ֆոլքլայֆ փառատոնին Հայաստանի` որպես հատուկ հրավիրյալ հյուրի, մասնակցության մանրամասները: