22 մարտի 2008 - 14:14 AMT
Հայ խաղաղապահների փայլուն ծառայությունը վկայում է հայ զինվորի հպարտ եւ հայրենասեր ոգու մասին
Այսօր ՀՀ ԶՈՒ խաղաղապահ գումարտակում կայացավ Իրաքում կայունացման ուժերի կազմում եւ Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացրած հայկական խաղաղապահ զորախմբի զինծառայողների պարգեւատրման արարողությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, արարողությանը մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, որը ողջույնի խոսքով դիմեց խաղաղապահներին: «Պարոնայք զինվորականներ, հայրենակիցներ, հյուրեր, այսօր հավաքվել ենք` արժանին մատուցելու խաղաղապահ առաքելությունների ընթացքում իրենց փայլուն կերպով դրսեւորած զինծառայողներին: Խաղաղապահ գործունեությունն ավելի քան պարտավորեցնող է, պատվաբեր եւ մեծ նվիրում է պահանջում: Այն հնարավորություն է տալիս զինվորական մասնագիտությունն օգտագործել խաղաղությունը պահպանելու առաքինի գործում: Հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ հայ խաղաղապահները առանձնահատուկ պատասխանատվությամբ են կատարում այդ առաքելությունը:

Համոզված եմ, որ դա պայմանավորված է ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, այլեւ համամարդկային քրիստոնեական արժեքներով առաջնորդվելու առանձնահատկությամբ: Այս գիտակցությամբ են առաջնորդվում հայ խաղաղապահները թե Կոսովոյում, եւ թե Իրաքում: Նրանց փայլուն ծառայությունը խոսում է հայ զինվորի հպարտ եւ հայրենասեր ոգու մասին, միջազգայնորեն ձ-ավորում հայ զինվորականի պարտաճանաչ եւ պատասխանատու կեցվածքը: Այդպես եղել է, կա եւ վստահ եմ` այդպես է լինելու, քանի որ մեր խաղաղապահները պետք է ապացուցեն, որ հայ ժողովուրդը եւ մասնավորապես հայոց բանակը իրավունք ունի եւ ի զորու է մյուս առաջատար ազգերի հետ կողք-կողքի կերտել մեր այսօրվա կայունությունն ու ապագայի անվտանգությունը:

Մենք շարունակելու ենք ընդլայնել մեր մասնակցությունը միջազգային խաղաղության պահպանման գործում: Եվրոպական հանրությանը ինտեգրվելու մեր ձգտումը նաեւ բարոյական պարտավորություններ է ստեղծում եվրոպական արժեքներ դավանող պետությունների առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում սեփական ներդրումն ունենալու համար: Ուստի մենք չենք կարող անմասն մնալ համընդհանուր անվտանգության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերից, քանի որ մենք այդ խաղաղության սպառողները չենք միայն, այլ նաեւ կերտողները:

ՀՀ զինված ուժերի ղեկավարության եւ բազմազգ հրամանատարության կողմից բազմիցս բարձր գնահատանքի է արժանացրել առաքելության ընթացքում հայ զինվորի իրականացրած ծառայությունը, փաստելով հայ խաղաղապահների գաղափարական նվիրվածության, մարդկային կյանքեր փրկելու անձնվիրական պատրաստակամության, մասնագիտական բարձր հմտությունների մասին:

Այսօր էլ, երբ Իրաքին զուգահեռ լարված իրավիճակ է ստեղծվել նաեւ Կոսովոյում, մեր խաղաղապահները շարունակում են նույնպիսի պատասխանատվությամբ իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրները»: