28 մարտի 2018 - 15:55 AMT
Արցախի ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից Ասյա Խաչատրյանի դեպքի վերաբերյալ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ՀՀ քաղաքացիԱսյա Խաչատրյանի հարցազրույցի հիման վրա սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման շրջանակներում հարցում է կատարել ԱՀ ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ:

ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը լրատվական միջոցներին պատմել է, որ Արցախի Հանրապետության ոստիկաններն իր հանդեպ բռնություն են գործադրել:

Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ու 3-րդ կետերով՝ Պաշտպանը ԱՀ ոստիկանությունից պահանջել է պարզաբանել հետևյալ հարցերը՝

1.Փետրվարի 1-ի կեսգիշերին մոտ Ստեփանակերտի «Հաղթանակի» հրապարակի մոտակայքում ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև միջադեպ տեղի ունենալու մասին վերջինիս պնդումների վերաբերյալ, մասնավորապես՝ արդյո՞ք քաղաքացու պահանջին ի պատասխան՝ ոստիկանները չեն ներկայացել:

2.Փետրվարի 2-ի երեկոյան Ստեփանակերտ քաղաքում (քաղաքացին չի կոնկրետացրել իր նշած շենքի հասցեն) ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև միջադեպ տեղի ունենալու մասին վերջինիս պնդումների վերաբերյալ, մասնավորապես՝ արդյո՞ք Ասյա Խաչատրյանի պահանջին ի պատասխան՝ ոստիկանները չեն ներկայացել:

3.Փետրվարի 2-ին Ստեփանակերտի ոստիկանական բաժանմունք Ասյա Խաչատրյանի տեղափոխման և այնտեղ նրա նկատմամբ դրսևորած վերաբերմունքի մասին վերջինիս պնդումների վերաբերյալ, մասնավորապես՝ 3.1. Ի՞նչ հիմքով է Ասյա Խաչատրյանը տեղափոխվել ոստիկանական բաժանմունք,

3.2. Արդյո՞ք համապատասխան գրառում է կատարվել գրանցամատյանում,

3.3. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին ներկայացվել են նրա իրավունքները,

3.4. Արդյո՞ք քաղաքացու պահանջին ի պատասխան՝ նրա հետ ենթադրաբար զրույց վարող ոստիկանը (քաղաքացու ներկայացմամբ՝ «քննիչ») չի ներկայացել,

3.5. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին չեն ներկայացվել ոստիկանական բաժանմունքում նրա հայտնվելու իրավական հիմքերը,

3.6. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է փաստաբանի պահանջ և ի՞նչ արձագանք է այն ստացել ,

3.7. Որքա՞ն ժամանակ է Ասյա Խաչատրյանը գտնվել ոստիկանական բաժանմունքում,

4.Փետրվարի 3 լույս 4-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում Ասյա Խաչատրյանի բնակարանում քաղաքացիական հագուստով ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև տեղի ունեցած ենթադրյալ միջադեպի և այդ ընթացքում նրա նկատմամբ դրսևորված վերաբերմունքի մասին Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ, մասնավորապես՝ 4.1. Արդյո՞ք ոստիկանության նշյալ ծառայողները պատշաճ ներկայացել են Ասյա Խաչատրյանին,

4.2. Ի՞նչ նպատակով և իրավական հիմքով են նրանք ենթադրաբար մուտք գործել Ասյա Խաչատրյանի բնակարան,

5.Փետրվարի 3 լույս 4-ի գիշերը Ասյա Խաչատրյանին և նրա ընկերուհուն (քաղաքացու կողմից ընկերուհու ինքնությունը պարզաբանված չէ) ոստիկանական բաժանմունք տեղափոխելու և այնտեղ նրանց նկատմամբ դրսևորած վերաբերմունքի մասին Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ, մասնավորապես՝

5.1. ի՞նչ հիմքով են Ասյա Խաչատրյանը և նրա ընկերուհին ենթադրաբար տեղափոխվել ոստիկանության բաժանմունք,

5.2. Արդյո՞ք համապատասխան գրառում է կատարվել գրանցամատյանում,

5.3. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին և նրա ընկերուհուն ներկայացվել են իրենց իրավունքները,

5.4. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է իրեն ազատությունից զրկելու մասին իր ընտրած անձին տեղեկացնելու պահանջ և ի՞նչ արձագանք է այն ստացել,

5.5. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է փաստաբանի պահանջ և ի՞նչ արձագանք է այն ստացել,

5.6. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին ոստիկանության ծառայողի (քաղաքացու ներկայացմամբ՝ «Ջոն») կողմից ներկայացվել են հանրային վայրերում նրա վարքագծի վերաբերյալ օրենքից չբխող պահանջներ,

5.7. Որքա՞ն ժամանակ են Ասյա Խաչատրյանը և նրա ընկերուհին գտնվել ոստիկանական բաժանմունքում,

6.Այլ անհրաժեշտ պարզաբանումներ՝ նշված տեսանյութում Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացված պնդումների վերաբերյալ:

Պաշտպանն իր գրությամբ պահանջել է նաև տեղեկացնել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել Ասյա Խաչատրյանի պնդումների ստուգման ուղղությամբ: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն, իր իրավասության սահմաններում և մարտի 26-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառությանը համապատասխան, շարունակում է քննարկման ընթացակարգը, հայտնում է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Ավելի վաղ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը պատմել էր, որ փետրվարի սկզբում Արցախում աշխատանքով գտնվելու ընթացքում 3 օր շարունակ խնդիրներ է ունեցել տեղի իրավապահ մարմինների հետ՝ հանդիպելով նրանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմանն ու բռնության: Աղջկա խոսքերով՝ այդ բոլոր խնդիրները նրա կապույտ մազերի և փողոցում ծխելու պատճառով էին: