29 մարտի 2018 - 13:25 AMT
ՄԱԿ-ում Արցախի ԱԺ հայտարարությունն է տարածվել սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

Մարտի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ, հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։

Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում:

Ավելի վաղ՝ մարտի 2-ին, հայտարարությունը տարածվել էր նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում։

ԱՀ ԱԺ հայտարարության մեջ ասվում էր, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Բաքվից ընդամենը 30կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվել է կոտորած և բռնի տեղահանություն։ Նախապես ծրագրված վայրագություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, մեծ մասամբ՝ կանայք, երեխաներ և ծերեր, հազարավոր հայեր զանգվածային բռնություններով տեղահանվել են, իսկ նրանց պատկանող գույքը՝ հափշտակվել։«Կոչ ենք անում խորհրդարանական կառույցներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի ու կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ դատապարտել Բաքվի կողմից ադրբեջանահայության դեմ իրագործած ցեղասպանական ակտերը»,- նշվել է հայտարարության մեջ։