29 մարտի 2018 - 13:43 AMT
Փարաքարում էկո-պուրակ կբացվի, առանց բետոնի ու ասֆալտի

Ապրիլի 2-ին Փարաքար գյուղում կբացվի առաջին էկո-պուրակը՝ նվիրված արցախյան ու ապրիլյան պատերազմի հերոսներին: Այդ մասին հայտարարել է բնապահպան Կարինե Փանոսյանը:

Նա նշել է, որ, որ նման պուրակ հիմնելու գաղափարն առաջացել էր դեռ 2016-ի ապրիլից հետո։

Կարինե Փանոսյանը մանրամասնել է, որ ի տարբերություն մյուս պուրակների, էկո-պուրակներում բետոն, ասֆալտ, այլ շինարարական նյութեր չեն օգտագործվում, հայտնում է Panorama.am-ը։

«Էկո-պուրակը նոր մշակույթ է Հայաստանում։ Այստեղ միայն բնական նյութեր են կիրառվում, որոնք չեն նպաստում շրջակա միջավայրի վատթարացմանը։ Ճանապարհները կլինեն միայն բնական քարերով, ցայտաղբյուր-հուշարձանն էլ կլինի մեկ ամբողջական քարից»,- ասել է բնապահպանը։

«2 տարի տարածք փնտրելուց և Երևանի քաղաքապետարանի կողմից տարածք չստանալուց հետո, մենք տարածքի առաջարկ ստացանք Փարաքարի գյուղապետից։ Մարտի 31-ին տարածքում շաբաթօրյակ կանենք, իսկ ապրիլի 2-ին պուրակի բացումը կլինի, որտեղ տնկվելու են թե դեկորատիվ, թե պտղատու ծառեր»,- պատմել է բնապահպանը՝ նշելով, որ պուրակը հիմնական խնամքով կզբաղվի համայնքը։

Նա նշել է, որ պտղատու ծառերի բերքը կտրամադրվի հանրային դաշտում կարիք ունեցող խմբերին՝ մանկատներ. ծերանոցներ։