29 մարտի 2018 - 15:46 AMT
Ասյա Խաչատրյանի գործով խախտում թույլ տված ոստիկանները պատասխանատվության կենթարկվեն

ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի ներկայացրած հանգամանքների հաստատման դեպքում ԱՀ ոստիկանության՝ խախտում թույլ տված բոլոր ծառայողները օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության։ Այդ մասին ասվում է Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հավաստիացնում է¸ որ կիրականացվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն:

Ասյա Խաչատրյանի կողմից զանգվածային լրատվության միջոցներով տարածված 2018-ի փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունում իր նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ հայտարարության փաստով¸ Արցախի ոստիկանությունն անմիջապես ձեռնամուխ է եղել բոլոր հանգամանքների ստուգմանն ու ընթացքավորմանը, հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը:

Այդ կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով և Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն¸ որի կատարումը իրականացնում է ԱՀ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունը։

Ծառայողական քննության շրջանակներում արդեն իսկ մանրամասն բացատրություններ են ներկայացրել ինչպես ոստիկանության մի շարք ծառայողներ¸ այնպես էլ միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներ՝ իրենց նախաձեռնությամբ։

Ավելի վաղ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը պատմել էր, որ փետրվարի սկզբում Արցախում աշխատանքով գտնվելու ընթացքում 3 օր շարունակ խնդիրներ է ունեցել տեղի իրավապահ մարմինների հետ՝ հանդիպելով նրանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմանն ու բռնության: Աղջկա խոսքերով՝ այդ բոլոր խնդիրները նրա կապույտ մազերի և փողոցում ծխելու պատճառով էին: