29 մարտի 2018 - 16:16 AMT
Ադրբեջանի քաղաքացին Թբիլիսիում հարձակվել է դեռահասի վրա, փորձել հանել աչքերը

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են Ադրբեջանի 22-ամյա քաղաքացուն 13-ամյա դպրոցական տղայի հանդեպ դաժան բռնության մեղադրանքով:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 22-ի ցերեկային ժամերին: Թբիլիսիի Վաժա Փշավելայի 7-րդ թաղամասում, երբ տղան դպրոցից տուն դառնալիս, վերելակ է նստել, նրա հետ մտել է մեղադրյալը, որը փորձել է հանել տղայի աչքերը: Տղան սկսել է բղավել: Դուրս են եկել հարևանները, որոնք ոստիկանություն են կանչել:

«Ես պատուհանից էի նայում, երբ բղավոցներ լսեցի: Տեսա, որ պարեկային մեքենա հայտնվեց, հետո՝ շատ օգնության: Հետաքրքրվեցի, թե ինչ է պատահել: 13-րդ հարկում իրարանցում էր, բղավոցներ, ասում էին, որ վերելակ է մտել մի հիվանդ անձնավորություն, բռնության փորձ է եղել: Հարևաները լսել են բղավոցները և ոստիկանություն կանչել»,-ասել է շենքի բնակչուհի Թեա Նադիրաձեն, հայտնում է Sputnik Գրուզիան:

Այժմ պատահարի վայրում փորձաքննություն է անցկացվում, տղան հիվանդանոցում է: Նա շոկային վիճակում է: Տղայի վզին խեղդելու հետքել են մնացել. Նա ուղեղի ցնցում է ստացել: Աջ աչքի տեսողությունը նվազել է:

Հարուցվել է քրեական գործ: