31 մարտի 2018 - 12:28 AMT
Փաշինյանը քայլարշավ է սկսում Գյումրիից Երևան

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քայլարշավ է սկսում Գյումրիից Երևան՝ ընդդեմ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Ես անում եմ իմ քայլը: Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում եմ 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի»,-ասվում է գրառման մեջ։

Փաշինյանը պետք է անցնի 114 կմ:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանադրությունը չի խոչընդոտում պայքարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարացման դեմ: Նա նշել է, որ ապրիլի 9-17-ը, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը թափուր լինի, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով ազդեցություն չի ունենալու ԱԱԾ-ի և ոստիկանության վրա, ինչը հնարավոր կդարձնի իշխանափոխությունը:

Փաշինյանը հավելել է նաև, որ իր համար սկզբունքային է քաղաքական պայքարի խաղաղ անցկացումը: «Այն ենթադրում է շատ կոնկրետ գործողություններ, բայց բացառում է բռնությունը»,-նշել է պատգամավորը: