31 մարտի 2018 - 14:22 AMT
Երևանում բացվել է լյուքս կարգի «Ալեքսանդր» հյուրանոցը

Երևանի կենտրոնում բացվել է «Սթար Վուդ» հյուրանոցային խմբի լյուքս շարքին պատկանող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրը: Բացման արարողությանը ներկա է գտնվել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը շրջել է նորաբաց և Հայաստանում իր դասի մեջ միակը հանդիսացող հյուրանոցային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիսանալով «Մարիոթ ինթերնեյշնլ» ընկերությանը պատկանող «Դը լաքշրի քոլեքշն» աշխարհահռչակ ցանցի անդամ՝ «Ալեքսանդր» հյուրանոցը կառուցվել է համաշխարհային չափանիշներին համապատասխան՝ բարձրորակ շինարարական նյութերով և կահավորմամբ:

Հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 53,9 մլն դոլարին համարժեք դրամ: Հյուրանոցում, որը կարող է միաժամանակ ընդունել մինչև 230 այցելու, ստեղծվել է 280.000 դրամ միջին աշխատավարձով 144 աշխատատեղ: Ըստ պատասխանատուների, այն առաջիկայում նախատեսվում է հասցնել 170-ի: