24 մարտի 2008 - 18:33 AMT
Վարդան Օսկանյան. Անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել հայ-վիետնամական տնտեսական կապերի զարգացման համար
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Վիետնամի նորանշանակ դեսպան Բույ Դին Զինը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով դեսպանին` ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում եւ հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վիետնամական հարաբերությունները նոր զարկ կստանան: Նախարարը հատուկ ընդգծեց հայ եւ վիետնամցի ժողովուրդների ավանդական ջերմ կապն ու վերաբերմունքը: Գնահատելով հայ-վիետնամական հարաբերությունները` երկուստեք նշվեց, որ երկու երկրների միջեւ չկան չհամաձայնեցված հարցեր, քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, միջազգային կազմակերպություններում համագործակցությունն ընթանում է հաջողությամբ:

Տնտեսական հարաբերությունների մասին խոսելիս զրուցակիցները նշեցին, որ թեեւ գոյություն ունի որոշակի իրավապայմանագրային դաշտ, այդուամենայնիվ, այն ընդլայնման կարիք ունի տնտեսական հարաբերությունները զարգացնելու, նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Քննարկվեցին նաեւ տուրիզմի բնագավառում համագործակցության, ինչպես նաեւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի այցելություններ սահմանելու մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ հարցեր: