2 ապրիլի 2018 - 17:23 AMT
Երևանյան ռեստորանները մասնակցել են Համաշխարհային ֆրանսիական ընթրիքին

Երևանյան որոշ ռեստորաններ մասնակցել են Համաշխարհային ֆրանսիական ընթրիքին: Մարտի 21-ին աշխարհի երկրների ֆրանսիական ռեստորանները, ինչպես նաև այն ռեստորանները, սրճարաններն ու փռերը, որոնք կապ են զգում Ֆրանսիայի հետ, ներկայացել են ֆրանսիական ճաշացանկով՝ մասնակցելով Համաշխարհային ֆրանսիական ընթրիքին՝ Goût de France-ին:

Մասնակիցների թվում են եղել նաև երևանյան Delice ռեստորանն ու The Club-ը, գրում է RFI-ը:

Քրիստինե Նալբանդյանը Delice-ից պատմել է, որ հաստատությունը թեև ընդամենը 2-րդ տարին է գործում, արդեն մասնակցում է միջոցառմանը 2 –րդ անգամ: «Ինչպես 2017-ին, այս անգամ ևս մենք ֆրանսիական մենյու ենք մատուցել 7-8 օր: Սեղաններին ճաշացանկը ներկայացված է 2 լեզվով՝ հայերեն և ֆրանսերեն: Մատուցում ենք կիշ լորեն փոքր կանապեների տեսքով, Նիսուազ աղցանը, ֆիլե-մինյոն գրատենով, ֆրանսիական պանիրներ և գինով եփած տանձ: Օգտագործվող ամբողջ մթերքը հայաստանյան է»,- ասել է նա:

The Club-ը ֆրանսիական ընթրիք է մատուցել Goût de France-ի շրջանակում՝ պահպանելով գլխավոր կանոնը՝ ուտեստը պետք է լինի ֆրանսիական և պատրաստված ֆրանսիական տեխնոլոգիայով, իսկ օգտագործվող մթերքը՝ հայկական: Ինչպես պատմել է Ռոբերտ Հակոբյանը, մատուցվել է բուայբես տեղական 3 ձկնատեսակից:

«Մեր ռեստորանի հիմնական ուղղվածությունն ավելի շուտ եվրոպական է, մեր շեֆ-խորհրդատուն է ֆրանսիացի: Բացի այդ, մենք կարծում ենք, որ Ֆրանսիան առաջատար եկիր է գաստրոնոմիայի ոլորտում և չմասնակցել այս միջոցառմանը՝ կնշանակի հետ մնալ ժամանակից»,- ասել է Հակոբյանը:

Համաշխարհային ֆրանսիական ընթրիքը (Goût de France / Good France) Ֆրանսիայի ԱԳՆ նախաձեռնությամբ անցկացվում է արդեն 4-րդ անգամ: 2018-ին ֆրանսիական ճաշացանկով է ներկայացել ավելի քան 3000 ռեստորան աշխարհի 150 երկրում: