2 ապրիլի 2018 - 21:20 AMT
ԱԻՆ-ը հայտնել է «Բուրգեր Քինգի» պայթյունում տուժածների անունները

Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» սրճարանում ժամը 20։40-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել։ Այդ մասին դեպքի վայրից պատմում է PanARMENIAN.Net -ի թղթակիցը։

22:49 ԱԻՆ հաղորդմամբ,«Բուրգեր Քինգի» պայթյունում տուժածներն են Ռուդոլֆ Մարկոսյանը (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյանը (8 տարեկան), Զարուհի Մելիքյանը (19 տարեկան), Էրիկ Աշուղյանը (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկոն (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինին (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):

Ռուբինա Մարկոսյանը վիրահատվում է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում:

22:10 «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից PAN-ին հայտնեցին, որ «Բուրգեր Քինգի» պայթյունում վիրավորներից մեկը ծանր վիճակում է գտնվում. նրան վիրահատում են:

Վիրավորները 8, ոչ թե 9 հոգի են, մեկը` սննդի կետի աշխատակիցներից: «Ազատություն» ՌԿ եթերում ԱԻՆ փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը հայտարարեց, որ վտանգ սպառնում է միայն 8-ամյա Ռուբինա Մարկոսյանին: Տուժածների թվում 3 հոգի ՌԴ, 2 հոգի` Իրանի քաղաքացի են:

Զոհեր չկան, տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Տեղում են Արտակարգ իրավիճակների նախարարության ու ՀՀ Ոստիկանության աշխատակիցները։

«Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն։

Photo: Pan.am