3 ապրիլի 2018 - 13:46 AMT
Ծանրորդ Սոնա Պողոսյանին կասկածում են խթանիչ օգտագործելու մեջ

Ծանրորդ Սոնա Պողոսյանը ժամանակավորապես հեռացվել է մրցումներից հակադոպինգային կանոնները խախտելու կասկածանքով: Այդ մասին հայտնել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF):

Սոնա Պողոսյանից բացի խթանիչների թեստը չի անցել նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն ուկրաինացի Ալեքսանդր Պելեշենկոն:

Հայ ծանրորդուհու թեստը դրական արդյունք է ցույց տվել պեպտիդային հորմոնների, աճի գործոնի և միմետիկների առկայության առումով, իսկ ուկրաինացու մոտ հայտնաբերվել է արգելված քլորտալիդոն դեղամիջոցը:

Երկուսն էլ մասնակցել են Օլիմպիական խաղերին, երկուսն էլ ժամանակավորապես հեռացվել են մրցումներին մասնակցելուց:

2017-ին Տոկիոյում կայացած ծանրամարտի երիտասարդական առաջնությունում 75կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճել է մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալ:

2017-ի սեպտեմբերին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) որակազրկեց մարզիկների 9 երկրից, այդ թվում՝ ՀՀ-ից և Ուկրաինայից: Հայաստանի հավաքականի 3 ծանրորդ՝ Տիգրան Մարտիրոսյանը, Հռիփսիմե Խուրշուդյանն ու Նորայր Վարդանյանը նշվեցին որպես արգելված դեղամիջոցներ ընդունող մարզիկներ: