ՀՀ վարչապետն ունենալու է երկու նստավայր: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին է ասել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Վարչապետը կառավարությունում ևս ունենալու է նստավայր, որովհետև կառավարության անդամների հետ թերևս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Հարությունյանը նշել է, որ ևս մեկ նստավայր՝ գործող նախագահի նստավայրի շենքն է նախատեսված վարչապետի համար:
«Գործող վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից ու զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար», - նշել է նա:
Նա ընդգծել է, որ այս առումով որևէ զարմանալու բան չկա:
Ապրիլի 5-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարության վերջին նիստն է: Վարչապետ Կարեն Կարապեըյանը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: