Պաշտոնատար անձին տրված 75.000 դրամը գերազանցող նվերը համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած «Հանրային ծառայության մասին» նոր օրենքով սահմանվում են ի պաշտոնե նվերի ընդունման նոր կարգավորումներ:
Օրենքով արգելվում է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս նվերների ընդունումը: Թույլատրելի նվեր ընդունելիս պաշտոնատար անձը պարտավոր է կառավարության սահմանած կարգով հայտնել այդ մասին:
«Եթե պաշտոնատար անձի կողմից ստացված նվերը գերազանցում է 75.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն՝ հաշվառվում է և հանձնվում պետությանը կամ համայնքին», - նշվում է նախագծում:
Ներկայումս, գործող օրենքով, պաշտոնական թույլատրելի նվերները դասակարգվում են գույքային սպառողականի և ոչ սպառողականի: Եթե գույքային ոչ սպառողական նվերն իր արժեքով գերազանցում է 100.000 դրամը, ապա վերադաս ունեցող անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցող անձն իր նախաձեռնությամբ այն կամ բարեգործության է տրամադրում, կամ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունն ու գույքագրվում: Արդյունքում, նվերը՝ որպես բարեգործություն, կարող է տրամադրվել նախընտրելի անձի, և այն չի դառնա պետական սեփականություն: