5 ապրիլի 2018 - 17:51 AMT
Վրաստանում պաշտոնյաներին արգելել են սև մեքենաներով երթևեկել

Վրաստանում պետական ծառայողների համար նախատեսված ավտոմեքենաները կարող են լինել ցանկացած գույնի, սևից բացի: Կառավարությունը փոփոխություն է կատարել համապատասխան որոշման մեջ:

Սև մեքենաներից հրաժարվելը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի նախաձեռնությունն էր, որը փետրվարին կոչ էր արել կառավարության անդամներին անցյալում թողնել սև ջիպերի դարաշրջանը և այլ գույնի մեքենաներ վարել:

2014-ի փետրվարին ընունված կառավարության որոշման մեջ ավտոմեքենաների գույնի մասին ոչինչ չէր ասվում, իսկ թարմացված տարբերակում հայտնվել է հետևյալ գրությունը՝ «գնվող բոլոր դասերի ավտոմեքենաները կարող են լինել ցանկացած գույնի, սևից բացի»: Բացի այդ, ըստ փոփոխությունների, մինչև ապրիլի 25-ը Վրաստանի նախարարություններն ու նրանց ենթակայության հաստատությունները պետք է ներկայացնեն ավտոպարկի օպտիմալացման ծրագիր, գրում է Sputnik-Գրուզիան:

Վրաստանի կառավարությունը հանձնարարել է պետական հաստատություններին, որ, այն ավտոմեքենաները, որոնք ենթակա չեն վերանորոգման կամ դա անշահութաբեր կլինի, փոխանցել ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը:

2018-ի հունվարին սև գույնի ավտոմեքենաների արգելքն ուժի մեջ է մտել Թուրքմենստանում, որտեղ դա վերաբերում է ոչ միայն պաշտոնյաներին, այլ բոլորին: Սև գույնի ավտոմեքենաների ներկրումը Թուրքմենստան արգելվել էր դեռևս 2015-ին, իսկ այժմ անմիջապես փողոցներից սև մեքենաները տեղափոխվում են տուգանային հրապարակ: