6 ապրիլի 2018 - 12:11 AMT
Սերժ Սարգսյանն ու Իտալիայի Սենատի նախագահը քննարկել են ԼՂ խնդիրը

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ի երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ:Նախագահը շնորհավորել է նրան Սենատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-իտալական բազմաբովանդակ հարաբերությունների օրակարգում վաղուց իրենց հաստատուն տեղը զբաղեցնող միջխորհրդարանական կապերը կշարունակվեն ընդլայնվել և ամրապնդվել նաև տիկին Կազելատիի անձնական ջանքերի շնորհիվ։

Նախագահ Սարգսյանը և Իտալիայի Սենատի նախագահ Կազելատին մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Սերժ Սարգսյանը կարևորել է օրենսդիր մարմինների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու գործում և նշել, որ Հայաստանը շահագրռված է առավել սերտ կապեր հաստատել երկու երկրների խորհրդարանների միջև և հարաբերությունները զարգացնել նաև միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում, ինչը, Նախագահի համոզմամբ, Հայաստանին և Իտալիային թույլ կտա կարևոր հարցերի շուրջ միմյանց համակողմանի աջակցություն ցուցաբերել:

Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել և բարձր գնահատել Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ընդգծելով, որ հայ-իտալական առանձնահատուկ կապերի հիմքում ընկած են երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը, նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ հայ-իտալական միջպետական հարաբերությունները անցած քառորդ դարում զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով, և այսօր երկու երկրները նշանակալի համագործակցություն ունեն տնտեսական, պաշտպանական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և հումանիտար ոլորտներում: Հայաստանի և Իտալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության կարևոր ևս մեկ օրինակ էլ, Հանրապետության նախագահի համոզմամբ, Լիբանանում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո, հայ զինվորների արդյունավետ ծառայությունն է։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և համագործակցությանը, որը նաև հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարևոր ուղղություններից է:

Վատիկան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված աստվածաշնորհ սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:Վատիկանի պարտեզներում արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն` Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի, Ամենայն Հայոց Գարեգին Բ և և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների մասնակցությամբ: