Հանրային սննդի օբյեկտներում, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպություններում իրականցված ստուգումների արդյունքում թերություններ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները միայն Երևանում իրականացրել են 20-ից ավելի նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություն և ստուգում. օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:
Ստուգայցի օբյեկտների ցանկում են «Տաշիր» առևտրի կենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը, «Նեպտուն» մանկական կենտրոնը, «Ջոս» ռեստորանային համալիրը, «Պանդոկ Երևանը» և այլն: Հայտնաբերվել են մի շարք թերություններ, որոնցից ամենատարածվածը տարահանման ելքերի, հակահրդեհային ինքնաշխատ համակարգի, ծխահեռացման ինքնաշխատ համակարգի բացակայությունն է:
Կան խնդիրներ կապված կրակմարիչների, էլեկտրական տնտեսության, հրշեջ ծորակների հետ:
Ստուգումներ են իրականացվում նաև մարզերում, որտեղ տնտեսվարողներին արդեն հանձնվել է մոտ 30 կարգադրագիր: