10 ապրիլի 2018 - 11:57 AMT
Sunmag-ը՝ Երևանի մասին. «Արարատը պատրաստ է ձեզ իր գիրկն ընդունել»

Sunmag ռուսական հանդեսը խորհուրդ է տալիս հայրենակիցներին օգտվել մայիսյան տոներից և հանգիստն անցկացնել այնտեղ, որտեղ գարնան կեսին եղանակը տաք է, ուտելիքը համեղ, իսկ գները մատչելի: Որպես ճամփորդության ուղղություն պորտուգալական Ալգարվեի, իսրայելյան Թել Ավիվի, մոլդովական Քիշնևի, ավստրիական Ինսբրուկի և Մարոկկոյի Մարաքեշի հետ մեկտեղ նշված է նաև Երևանը:

Հոդվածի հեղինակ Իրինա Շչապովան որպես հավելյալ առավելություն ռուս զբոսաշրջիկների համար նշում է այն հանգամանքը, որ Հայաստան կարելի է մեկնել նույնիսկ ներքին ռուսական անձնագրով: «Եթե արտասահմանյան անձնագիր ինչ-ինչ պատճառներով չունեք, միևնույն է՝ Արարատը պատրաստ է ընդունել ձեզ իր գիրկը», ասվում է Sunmag-ում հրապարակված հոդվածում:

«Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, այն հիմնվել է դեռևս մեր թվարկությունից առաջ, ուստի պատմամշակութային վայրերի պակաս չի լինի՝ հին եկեղեցիներ ու վանքեր կան ինչպես քաղաքի կենտրոնում, այնպես էլ արվարձաններում՝ զմրուխտե բլուրների ֆոնին»,-գրում է հեղինակը:

Նա խորհուրդ է տալիս նախապես ծրագրել, թե բնության գրկում լինելու համար որ ուղղությունն է նախընտրելի՝ Սևանա լիճը, Տաթևի վանքը թե Արարատի ստորոտը, որտեղ նույնիսկ կարելի է օդապարիկ նստել:

«Հակառակ դեպքում երևանյան խորովածներն ու կոնյակը կգրավեն ձեր ամբողջ ուշադրությունը»,-ասվում է հոդվածում: