Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի վավերացմամբ սկսվելու է վիզաների ազատականացման մեկնարկը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ:
Նա տեղեկացրել է, որ վիզաների ազատականացումը երկու երկրների կողմից ստանձնված հանձնառություն է և առաջիկայում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը, հայտնում է Aysor.am-ը։
«Դա իրենից ներկայացնում է բարեփոխումներ պարունակող մի գործընթաց։ Հայկական կողմը, սակայն չի սպասել այդ գործողությունների ծրագրի տրամադրմանը, և ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել մի շարք օրենսդրական փոփոխությունների իրականացմանը, որոնք մաս են կազմելու ազատականացման գործընթացին։ Հույս ունենք, որ մեր սկսած գործողությունները ըստ արժանվույն կգնահատվեն ԵՄ-ի կողմից», - հավելել է Կարեն Նազարյանը։
2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում, ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը:
Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի: