Հակահրդեհային նորմերի պահպանման ստուգումներ կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ու մանկապարտեզներում: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին և գործընկեր կառույցներին հանձնարարել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել և քայլեր ձեռնարկել հնարավոր թերությունների վերացման ուղղությամբ:
Քննարկվել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման հարցը:
Քաղաքապետը հանձնարարել է ստուգումներն իրականացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի ծառայության, պետական հակահրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև աշխատակազմի հանրակրթության վարչության հետ համատեղ և քայլեր ձեռնարկել հնարավոր թերությունների շտկման և հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պատշաճ պահպանման ուղղությամբ:
Այցելություններ և համապատասխան ստուգումներ կկազմակերպվեն քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներ և մանկապարտեզներ, զուգահեռաբար բացատրական աշխատանքներ կտարվեն տնօրինության և աշխատակազմերի հետ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հանրային սննդի օբյեկտներում, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպություններում իրականցված ստուգումների արդյունքում թերություններ են հայտնաբերվել: Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները միայն Երևանում իրականացրել են 20-ից ավելի նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություն և ստուգում. օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:Կան խնդիրներ կապված կրակմարիչների, էլեկտրական տնտեսության, հրշեջ ծորակների հետ: