11 ապրիլի 2018 - 11:52 AMT
Մեծ Բրիտանիան հրաժարվել է Սիրիային ռազմական հարված հասցնելու մտադրությունից

Սիրիային ռազմական հարված հասցնելու համար Մեծ Բրիտանիային ավելի շատ ապացույցներ են հարկավոր, որ Բաշար Ասադը քիմիական զենք է կիրառել երկրում: Այդ մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցներում, հայտնում է Meduza-ն The Times թերթի վրա հղումով:

Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին Դամասկոսի մերձակա Դումա քաղաքում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: Ըստ իրավապաշտպանների, ապրիլի 7-ին սիրիական ուղղաթիռները զարինով և քլորով ռումբեր են նետել քաղաքի վրա, որի հետևանքով 40-70 մարդ է զոհվել:

Լոնդոնը հավանություն չի տվել Սիրիայի դեմ արագ պատասխան ռազմական գործողություն անցկացնելու Վաշինգտոնի մտադրությանը, քանի որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) մտադիր է Արևելյան Գուտա այցելել ստուգելու համար Դամասկոսի արվարձաններում քիմզենքի կիրառման մասին լուրերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ենթադրյալ քիմիական գրոհի մասին, մեղադրել էր ՌԴ-ին ու Իրանին Ասադին աջակցելու համար, ինչպես նաև խոստացել էր 48 ժամվա ընթացքում հայտարարել ԱՄՆ պատասխան միջոցների մասին:

Ընթերցեք նաև. Քիմզենք, ԱՄՆ-ՌԴ աճող լարվածություն և պատերազմի սպառնալիք. Սիրիայի գլխին սև ամպեր են կուտակվում