11 ապրիլի 2018 - 12:19 AMT
Ցուկերբերգն ԱՄՆ Կոնգրեսում ներողություն է խնդրել Facebook-ի օգտատերերի տվյալների արտահոսքի համար

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթում ներողություն է խնդրել օգտատերերի տվյալների արտահոսքի համար: Սոցցանցի հիմնադիրը միջադեպն իր սեփական սխալն է համարել և խոստովանել է իր պատասխանատվությունը «սոցցանցում կատարվողի համար»:

Ցուկերբերգը նաև հայտարարել է, որ մտադիր է ստուգել բոլոր հավելվածները, որոնց համար հասանելի են օգտատերերի տվյալները: Ընկերությունը կարող է արգելել հավելվածների տեղադրումը հարթակում, նշել է սոցցանցի հիմնադիրը, գրում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով:

Գերակա խնդիրներից մեկը Ցուկերբերգը համարում է պայքարը ընտրություններին միջամտելու դեմ, պնդում է CNBC հեռուստաալիքը: Ըստ սոցցանցի ղեկավարի, խոսքը «սպառազինությունների մրցավազքի» մասին է, որը պահանջում է ընկերությունից առավել պատրաստված լինել նման գործողություններին: Ցուկերբերգը նաև ափսոսել է, որ սոցցանցն ուշացումով է արձագանքել 2016-ին ԱՄՆ նախագահի ընտրությունների ՌԴ միջամտության փորձերի բացահայտմանը:

Մի քանի տարի առաջ Cambridge Analytica ընկերությունն օգտագործել է Facebook-ի հավելվածի տվյալներով, որն առաջարկում էր օգտատերերին կազմել նրանց հոգեբանական դիմանկարը: Այդ հավելվածից օգտվել էր մոտ 270.000 մարդ՝ փոխանցելով անձնական տվյալները: Ավելի ուշ ընկերությունը զեկուցել էր, թե վերացրել է ստացած տեղեկատվությունը, սակայն, ինչպես պարզվեց հետո, ոչ բոլոր տվյալներն էին ջնջվել: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում վերջին նախագահական ընտրությունների ժամանակ ընկերությունն օգտագործել է երկրի ընտրազանգվածի մի մասի անձնական տվյալները հասցեական գովազդի համար: