27 մարտի 2008 - 18:15 AMT
Երեւանում երեկ անցած ցույցի ժամանակ ձերբակալված 46 մասնակիցները ազատ են արձակվել
Մարտի 26-ին Հյուսիսային պողոտայում անցած ցույցի ժամանակ ձերբակալված 46 մասնակիցները ազատ են արձակվել: Ինչպես հաղորդել են Ոստիկանության մամլո ծառայությունում, ձերբակալվածներից ոչ ոք վարչական պատասխանատվության չի ենթարկվել: Ձերբակալվածները, որոնց շարքում էին Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության նախկին ղեկավար Հրանուշ Խարատյանի որդի Արսեն Խարատյանը, ինչպես նաեւ Սոցիալ-Դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ներսիսյանը, սկզբում բերման են ենթարկել «Կենտրոն» համայնքի Ոստիկանություն, լուսանկարել են, մատնահետքեր են վերցրել, ինչից հետո տեղափոխել են իրենց բնակավայրերի ոստիկանական բաժանմունքներ: Ըստ ձերբակալվածների, նրանց որեւէ բացատրություն չի տրվել, հաղորդում է Regnum-ը:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ոստիկանները ցրել են Երեւանի Հյուսիսային պողոտայում անցնող ընդդիմադիրների հերթական ցույցը, ովքեր աջակցելով Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, եւ ձերբակալել են մի քանի մարդու, մեծ մասամբ կանանց: