28 մարտի 2008 - 14:10 AMT
Ջոզեֆ Փենինգթոնը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն փորձել է «գունավոր հեղափոխություն» կազմակերպել Հայաստանում
«ԱՄՆ-ն լրջորեն մտահոգված է Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակով եւ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններով, ինչին հետեւց արտակարգ իրավիճակի հայտարարումը, ձերբակալություններն ու ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումները: Բոլոր այդ իրադարձություններից հետո ԱՄՆ-ի վարչակազմի մոտ կասկածներ հայտնվեցին` կշարունակի՞ արդյոք Հայաստանը ժողովրդավարացման ուղին թե ոչ»,-հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, Հայաստանն ու ԱՄՆ-ն կապված են ջերմ եւ բարեկամական հարաբերություններով: «Մենք ուսումնասիրեցինք ստեղծված իրավիճակը եւ մտահոգություն ենք հայտնում կատարված իրադարձությունների վերաբերյալ, սակայն Հայաստանն ինքը պետք է որոշի թե ինչպես կարգավորի իրավիճակը երկրում եւ շարունակի ժողովրդավարության զարգացման գործընթացը»,-նշել է ամերիկացի դիվանագետը: Ջոզեֆ Փենինգթոնը հավելել է, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում կարելի է նկատել, որ նա պատրաստակամ է շարունակել ժողովրդավարական կառույցների զարգացումը Հայաստանում եւ ԱՄՆ-ն մեծ հույսեր է կապում դրա հետ: Միեւնույն ժամանակ Ջ.Փենինգթոնը մտահոգություն է հայտնել քաղաքացիների ձերբակալությունների վերաբերյալ, ինչը նպաստում է երկրում նոր հուզումների եւ լարվածության առաջացմանը: «Քաղաքացիները, որոնք ապօրինի գործողություններ են կատարել մայրաքաղաքում անկարգությունների ժամանակ, պետք է պատժվեն: Սակայն իշխանությունները իրավասու չեն օգտագործել նույն մեթոդներն այն մարդկանց հանդեպ, որոնք իրենց քաղաքական կարծիքն են հայտնել եւ մասնակցել են բողոքի ցույցերին»,-ընդգծել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը: Նրա կարծիքով, Հայաստանում կայունության վերականգնման համար ժամանակ կպահանջվի, սակայն ԱՄՆ-ի վարչակազմը ուշադիր կհետեւի նոր նախագահի քայլերին, որոնք կձեռնարկվեն նոր նախագահի կողմից երկրում ժողովրդվարական գործընթացի շարունակության ուղղությամբ:

Ամերիկացի դիվանագետը հերքել է լուրերն այն մասին թե ԱՄՆ-ն եւ մյուս երկրները փորձել են «գունավոր հեղափոխություն» կազմակերպել Հայաստանում եւ ընդգծել է, որ այդ երկրները չեն միջամտի իրավիճակի կարգավորման գործընթացին: «Այդ խնդիրներն առաջացան Հայաստանում եւ պետք է լուծվեն հանրապետության ժողովրդավարական կառույցների կիրառմամբ»,-հայտարարել է Ջ.Փենինգթոնը: Նա նաեւ նկատել է, որ ԱՄՆ-ին չի առաջարկվել մասնակցել իրադարձությունների անկախ հետաքննության անցկացմանը: