13 ապրիլի 2018 - 13:43 AMT
ՀՀ նախագահը չինական ընկերության ղեկավարի հետ քննարկել է գործակցության ընդլայնումը

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է չինական Syntszyan company Chen and Agrotechnology Co.LTD ընկերության ղեկավար Լի Սիենմինին:

Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում և զբաղվում է նաև հայկական գյուղմթերքների արտահանմամբ:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, եւ ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Արմեն Սարգսյանը քաջալերել է գործունեության ծավալել նաև գյուղմթերքների վերամշակման ոլորտում:

Ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը:Նախագահը երդվել է՝ ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր ավետարանին. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»: