14 ապրիլի 2018 - 14:13 AMT
Ժնևում Ցեղասպանության զոհերին նվիված հուշարձան է բացվել

Շվեյցարայի Ժնև քաղաքի Trembley կենտրոնական այգում (ՄԱԿ գրասենյակի մոտակայքում) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշարձանն է տեղադրվել: Այս մասին հայտնում է Tribune de Geneva պարբերականը:

Հուշարձանի բացման արարողությանը ներկա է եղել նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Հուշարձանաը բաղկացած է 9 փողոցային լապտերից, որոնց լամպերի մասերը պողպատե են և արցունքի տեսք ունեն: Հեղինակը Մելիք Օհանյանն է: Տևական ժամանակ հուշարձանի տեղադրմանը խոչընդոտում էր տեղի թուրքական համայնքը:

Դեռևս 2014 թվականին Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը դեմ էր արտահայտվել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի տեղադրմանը ՄԱԿ գրասենյակի մոտ: Նա հիմնավորում էր իր դիրքորոշումը «ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունների հանգիստ ու խաղաղ աշխատանքն ապահովելու անհրաժեշտությամբ, որպեսզի վերջիններս կարողանան կատարել իրենց գործը հնարավորինս լավագույն պայմաններում»:

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2003-ին, սակայն Սենատն ու կառավարությունը դեռ պաշտոնապես նման որոշում չեն կայացրել: