14 ապրիլի 2018 - 15:20 AMT
ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ կգումարի Սիրիայի հարցով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) արտահերթ նիստ կգումարի Մոսկվայում Սիրիայում ստեղծավծ իրավիճակի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտնիայի և Ֆրանսիայի զինված ուժերը ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հրթիռակոծել են Սիրիայի տարածքը՝ ի պատասխան Բաշար Ասադի վարչակարգի՝ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման: Կոալիցիոն ուժերը ավիահարվածներն են հասցրել երկրի կառավարական ուժերի՝ ենթադրյալ քիմիական զենքի հետ առնչվող երեք հենակետի:

«Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի կապկացությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ կգումարվի ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նիստին կմասնակցի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

ԱՄՆ-ն կիրառել է Tomahawk տիպի հրթիռներ՝ իր դաշնակիցների հետ հասցնելով ավելի քան 100 ավիահարված: Գործողությունը տևել է մոտ մեկ ժամ: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ մոտ ժամանակում նոր ավիահարվածներ չեն պլանավորում:

Al Jazeera-ի փոխանցմամբ, Սիրիայի կառավարական աղբյուրները հայտնել են, որ արձակվել է մոտ 30 հրթիռ, որոնց մեկ երրորդը ոչնչացվել է սիրիական օդուժի կողմից: Իսկ ռուսաստանյան Sputnik-ի փոխանցմամբ, սիրիական օդուժը չեզոքացրել է 20 հրթիռ: